ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉ


Քամու բերած
Կարմիր կակաչ,
Ուր է սիրտդ,
Ուր թողեցիր:
Ճանապարհին,
Սարին,
Քարին:
Թե սիրտը քո
Մոլորեցրին
Նրանք,
Ում որ ճանապարհին
Բարև տվիր...
Ուր ես հիմա
Քամու բերած,
Քամու տարած
Կարմիր կակաչ...



ԾՈՎԻ ՇՈՒՆՉԸ


Ծովը շնչում է,
Շնչում է ծովը,
Ու շունչը ծովի հասնում է երկինք,
Ու ծածանվում են ալիքները ծեր`
Վարսերի նման`
Իրենց մեջ առած բազմաթիվ կույսեր...
Դրանից է, որ
Արագանում է շունչը ծովի ծեր...

1994թ. Ադլեր


ՎԵՐԱԴԱՐՁԻ'Ր, ՍԻ'ՐՏ

Սիրտս ելնում է
Իմ միջից հիմա,
Փախչում ինձնից,
Ու ես մնում եմ
Դատարկ մի տակառ:

Ախ, սիրո սով է
Իմ հոգում հիմա,
Ու չորացել են երակներս ողջ,
Ու փշրվում եմ
Ինչպես փխրուն ժայռ`
Արնաքամ,
Անսեր...

Վերադարձի'ր,սի'րտ,
Ապրել չի լինում...
  



ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՄԻ ՍՏՎԵՐ

Կանաչ-կարմիր մի ստվեր
Հետևում է ինձ,
Ես էլ անխելք մի պոետ
Իրենից փախչում,
Իմ ստվերից խռոված`
Ինձ եմ որոնում:

Հետո,երբ որ հասկացա,
Այն իմ ստվերն էր,
Չկար կարմիր ու կանաչ.
Ստվերս սև էր:




ԱՆԱՊԱՏԻ ՕՐԵՆՔՆԵՐ

Ես իմ բոլոր խոստումերը
Տվել եմ քեզ,
Քեզ եմ ձոնել երգերը իմ
Ու քեզ սիրել...
Գիշեր-ցերեկ
Աչքիս առաջ ունենալով
Պատկերը քո`
Երազել եմ գրկել,
Սեղմել քարոտ կրծքիս
Կրծքերը քո լավայածին,
Ու ինքնակամ
Ինձ թաղել եմ
Լավայի տակ,
Այնպես լավ է
Մոռացության ծածկույթը այդ:

Նեղացրել եմ քեզ երևի
Իմ գոյությամբ,
Տրորել եմ անապատի օրենքները
Ու ծաղկունք եմ նվիրել քո
Ճերմակ մարմնին.
Ստացվել է մի այնպիսի
Խենթ ծաղկեփունջ,
Մանուշակներ.
Ու դու կակաչ,
Հեքիաթների իմ սև կակաչ:


ԳԱՂՏՆԻՔ

Դու գաղտնի ապրում ես ինձանով,
Ես գաղտնի մեռնում եմ քեզ համար,
Ու գաղտնիքը դաջած մեր սրտին
Գնում ենք մեր անհույս
Ու աղոտ ապագան:

Ես հրաշք երազներ եմ տեսնում,
Չեմ ուզում արթնանալ քնից...
Եւ ով է ինձ համար
Ժապավենը կյանքիս
Պտտում...

Դու գաղտնի ապրում ես ինձանով,
Ես հայտնի երգում եմ քեզ համար...